Երեւանում հոկտեմբերի 19-ին կայացել է բջջային եւ համակարգչային խաղերի նախագծման «Բաց խաղ» առաջնության չորրորդ փուլը։
NEWS.am-ի թղթակցին առաջնության մենեջեր Շուշանիկ Վարդանյանը պատմեց, որ նման միջոցառումներ կազմակերպվում են 2011թ.-ից, իսկ սա այս տարվա արդեն երրորդ առաջնությունն է։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ խաղերի քանակը եւ որակը տարեցտարի ավելանում է։ Ընթացիկ առաջնությունում ներկայացված են 29 խաղեր, որոնցից կընտրվեն տարբեր անվանակարգերում հաղթողները։ Մրցանակներ նախատեսված են հետեւյալ անվանակարգերում. «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ», «Լավագույն խաղային սցենար», «Նորարարություն», «Լավագույն դիզայն», «Լավագույն կերպար», «Լավագույն եռաչափ լուծում», «Պատանեկան առաջնություն՝ Ջունիոր», եւ եւս մեկ անվանակարգ՝ «Ժողովրդի մրցանակ», որի հաղթողին կընտրեն ցուցահանդեսի այցելուները։ Առաջնության մենեջերը հայտնեց, որ ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 26-ին,՝ Աբովյան 13 հասցեում գտնվող մանկական պատկերասրահում, ժ. 12:00-17:00-ը։ Ժամը 17:00-ին կսկսվի մրցանակների եւ պատվոգրերի հանձնումը։
«Համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնությունը տեղի է ունեցել 4 փուլով: Հոկտեմբերի 19-ին եզրափակիչ փուլն է», - ասաց Շուշանիկ Վարդանյանը: Նա նշել է, որ սկզբնական փուլում կարելի է խաղի սցենարը ներկայացնել, իսկ հետո ստանալ պատրաստի ապրանքը: Ըստ նրա՝ չորրորդ փուլում եղել են մասնակիցներ, որոնք միանգամից պատրաստ խաղեր են ներկայացրել:
Ժյուրին ինը հոգուց է բաղկացած, դրա կազմում կան դիզայներներ եւ ծրագրավորողներ՝ Գեւորգ Սարգսյան, Արա Աղամյան, Արշամ Մանուկյան, Վահե Տոռոզյան, Ալեքսանդր Կաղինյան, Դավիթ Քոչարյան, Կարեն Վարդանյան, Սուրեն Ազատյան, Արամ Շահինյան:
Մրցանակային ֆոնդը կազմում է 1,7 միլիոն դրամ:
Առաջնությունը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) եւ «Orange Արմենիա» ընկերության կողմից:
Նշենք, որ առաջնության առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 25-ին, երկրորդը՝ հուլիսի 20-ին, երրորդը՝ սեպտեմբերի 7-ին:





























