Հայաստանը մուտք է գործում պակաս լիբերալ մաքսային համակարգ: Նման կարծիք NEWS.am-ին հայտնել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ մեկնաբանելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարները:
Այն հարցին, թե կտուժի արդյոք Հայաստանի առեւտուրը ԵՄ հետ, դեսպանը պատասխանել է, որ լուրջ խոչընդոտներ առայժմ չեն սպասվում: «Իհարկե, Հայաստանի մուտք գործումը համակարգող մեկ այլ ռեժիմ չի թեթեւացնի առեւտուրը, սակայն էական խոչընդոտներ ես չեմ տեսնում: Վերջերս ես խոսել եմ մի գործարարի հետ, ով պատրաստվում է ծանոթության այց կատարել Լեհաստան: Այնպես որ հետաքրքրությունը ԵՄ առեւտրի նկատմամբ դեռ պահպանվում է, մասնավորապես, Լեհաստանի հետ: Իսկ Հայաստանը շարունակում է մնալ ԱՀԿ անդամ, որը ենթադրում է մաքսային տուրքի ու առեւտրի պայմանների հայտնի կանոններ»,- նշել է դեսպանը:
Միաժամանակ, նա նշել է, Հայաստանում տուրքերի բարձրացման հնարավորություն կա, քանի որ Հայաստանում մաքսային ռեժիմը բավական լիբերալ է՝ տուրքերի երկու դրույքներով՝ 0 տոկոս ու 10 տոկոս: «Հայաստանի օրենսդրությունը բավական լիբերալ է: Խնդիրներ կան տնտեսության փորձում, սակայն ընդհանուր առմամբ բիզնես-միջավայրն այստեղ լիբերալ է: Միեւնույն ժամանակ Մաքսային Միության անդամ երկրներում, օրինակ, Բելոռուսում, տնտեսությունը պակաս լիբերալ է: Ինչպիսի՞ն կլինի ՄՄ երկրների ընդհանուր վիճակը: Այս հարցին առայժմ դժվար է պատասխանել, քանի դեռ չենք տեսել արտաքին առեւտրի վերաբերյալ միության նորմատիվ ակտերը»,- նշել է Լեհաստանի դեսպանը:
Հիշեցնենք, որ Մաքսային Միությանը անդամակցելու մտադրության մասին սեպտեմբերի 3-ին հայտարարել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:




























