Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը ներկայացնող «նոր տեսանյութը» ամենեւին էլ նոր չէ, դա նույն տեսանյութն է, որն առկա է նյութերում եւ որի չմոնտաժված լինելը ապացուցվել է փորձաքննությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը:
«Այդ տեսանյութը վաղուց՝ առաջին օրվանից, շրջանառության մեջ է, ոչ մի բան փոխվել: Մի՞թե Ալումյանը այսքան ուշ է ծանոթացել գործի նյութերին, որն իրեն, ի դեպ, հասնում էր ծանոթանալ: Սա արդեն իր թերացումն է, Ալումյանը թերացել է, ուշադիր չի լսոմ, ուշադիր չի նայում, այս ամեն ինչը առաջին օրվանից կար»,- ասաց նա:
Ռուբեն Սահակյանը նշեց, որ ընդամենը տեսանյութի ձայնային մասն է ավելացվել, որի մասին ինքն իր ասուլիսում խոսել էր, «ես ծանոթացել եմ գործի նյութերին, դրանք ներկայացրել եմ մամուլին, հասարակությանը, Ալումյանն էլ պետք է ծանոթանար այդ նյութին, եւ դրա մասին խոսել ավելի վաղ, ոչ թե հոկտեմբերի 19-ին»:
«Ինչ-որ իմ բան կատարվում է պարոն Ալումյանի հետ, իմ կոլեգայի հետ, դժվարանում եմ ասել՝ ով է տրամադրել տեսանյութը, բայց սա Ալումյանի բառերն են, ես տեսնում եմ, թե ինքը ինչպես է վերլուծում գործը՝ խեղաթյուրելով իրականությունը, յուրովի մեկնաբանելով փաստերը, կեղծելով փաստերը, Ալումյանի աչքերին խոշորացույց է, որի վրա նախապես ինչ-որ բաներ են տեղադրված, որը ոչ ոք տեսնել չի կարող, միայն ինքը կարող է տեսնել, միայն իմ կոլեգա Ալումյանը կարող է տեսնել այն, ինչ-որ ինքը տեսնում է»,- ասաց Տիգրան Խաչատրյանի պաշտպանը:
Նրա խոսքով՝ «հասարակությունը ուզում է ինչ-որ մի բան ստանալ, Ալումյանը դա գիտակցում է, եւ գիտի, որ ինչ սուտ ասի, հասարակության մի մասը հալած յուղի տեղ է ընդունելու, ճշմարտություն է ընդունելու եւ շահարկելու, օգտվելով այս իրողությունից՝ նա շահարկում է, Ալումյանը կրակի վրա յուղ է լցնում»:
Ռուբեն Սահակյանը դժգոհ է փորձագետներից, ովքեր լավ չեն վերծանել այն հայհոյանքները, լուտանքները, որ թափում են Բուդաղյանները Խաչատրյանների հասցեին:
Հիշեցնենք, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական, լրատվական կայքը ներկայացրել է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը ներկայացնող նոր տեսանյութ՝ ձայնի առկայությամբ:





























