Անհրաժեշտ է, որպեսզի ոչ միայն Իրանը ընդունի ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները, այլ նաեւ կարեւոր է, որ Եվրոպան իր որոշումը կայացնի այս առթիվ:Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս քաղաքագետ Ալեքսնադր Ցիգանոկը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Իրան С-300 զենիթային հրթիռների համալիրների ներկրման հավանականությանը:
Քաղաքագետի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ավարտվել են, սակայն իրանական կողմի վերջնական պատասխանը դեռ պարզ չէ: «Իրանի հետ բանակցություններում մի քանի կարեւոր կետ կա. Իրանը պահանջում է առանց որեւէ պայմանի չեղյալ համարել բոլոր պատժամիջոցները: Կարծում եմ, ոչ ՄԱԿ ԱԽ-ն, ոչ Եվրոպան չեն գնա այդ քայլին»,- նշել է Ալեքսնադր Ցիգանոկը՝ կարծիք հայտնելով, որ այդ պատժամիջոցները խաղացել են իրենց դերը, ուստի եթե Եվրոպան դրանք չեղյալ չհամարի, հրթիռների ներկրումը չի կայանա:Դատելով Իրանի շուրջ տարվող միջազգային քաղաքականությանը՝ քաղաքագետը ենթադրել է, որ բանաձեւերը կարող են «մասամբ չեղյալ համարվել, բայց ոչ ամբողջությամբ»:Նշենք, որ վերջին ժամանկներում ռուսական լրատվամիջոցներում հաճախ է խոսվում Իրան С-300 զենիթային հրթիռների համալիրների ներկրման հավանականության մասին՝ պայմանով, որ իրականացվեն ՄԱԿ ԱԽ բանաձեւերը:
Հոկտեմբերի 15-ին Ժնեւում սկսվել է Իրանի ու «վեցնյակի» միջեւ բանակցությունների հերթական փուլը իրանական «միջուկային արխիվի» կարգավորման համար:Ինչպես նշել է ԵՄ բարձրագույն ներկայացուցչության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Մայքլ Մաննը , Իրանի եւ «վեցնյակի» բանակցությունների մթնոլորտը շատ լավ է եղել: Նա հատկապես նշել է, որ կառուցողական մթնոլորտը կապված էր , մասնավորապես, նախկինում իրանական կողմի արած հայտարարությունների հետ: Մայքլ Մաննը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները կարող են վերանայվել միայն այն դեպքում, եթե Թեհրանն իրական քայլերի գնա: «Քանի դեռ պատժամիջոցների համար պատճառներ կան, դրանք կմնան: Միայն այն ժամանակ, երբ մենք տեսնենք իրական փոփոխություններ, հնարավոր կլինի վերանայել պատժամիջոցների ռեժիմը», - ընդգծել է նա:





























