Մարտի 23-ին Վիեննայում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելան եւ Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ալեքսանդր Զմեեւսկին ստորագրել են ՌԴ կողմից ֆինանսավորվող 2.2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «UNIDO-ի ներդումների եւ տեխնոլոգիաների խրախուսման գրասենյակների ցանցի հիմնում (ITPO) Եվրասիական տնտեսական համայնքի (EurAsEc) անդամ երկրներում եւ Հայաստանում» եռամյա ծրագիրը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, ստորագրման արարողությանը ներկա են եղել EurAsEc-ի երկրների եւ Հայաստանի մշտական ներկայացուցիչները, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության աշխատակիցներ:

Ծրագրի հիմնական նպատակն է` ստեղծել դեպի EurAsEc-ի երկրներ եւ Հայաստան ներդրումների հոսքի աճի համար բարենպաստ միջավայր, ավելացնել բարձր տեխնոլոգիաների եւ ներդրումների հոսքը դեպի արդյունաբերական հատված, աջակցել տեխնոլգիաների վրա հիմնված ձեռնարկությունների հիմնմանը: UNIDO-ի ծառայություններն ուղղվելու են կառավարություններին, հանրային եւ մասնավոր հաստատություններին, տեղական ձեռնարկություններին եւ ներդրողներին աջակցմանը: