Պերուի ՌՕՈւ-ում կրկին բացվել է վարչություն, որը հետեւելու եւ ֆիքսելու է ՉԹՕ-ների հայտնաբերման բոլոր դեպքերը:

DIFAA-ում աշխատելու են աստղաբաններ, հնագետներ, սոցիոլոգներ եւ, իհարկե, զինվորականներ: Այն գլխավորելու է գնդապետ Խուլիո Վուչետիչը: ՉԹՕ-ների Վարչության աշխատակիցները վերլուծելու են, թե  որքան հաճախ են տեղի ունենում ՉԹՕ-ների հետ հանդիպումները, որտեղ եւ ինչ ժամերի, ինչ հանգամանքներում են դրանք հայտնաբերվում:

DIFAA-ն ստեղծվում է ոչ հենց այնպես: Այն ստեղծվել է 2001-ին, փակվել՝ 2007-ին: Նման գործակալություններ գործում են նաեւ Բրազիլիայում, Արգենտինայում եւ Չիլիում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:

Վարչության ղեկավարը հայտարարել է, որ դրա վերաբացումը կապված է նրա հետ, որ վերջին տարիներին Պերուում ՉԹՕ-ների հետ հանդիպումները հաճախակիացել են եւ պերուացիները այդ մասին պատմում են լրատվամիջոցներին, այլ ոչ թե մասնագետներին: