Ռուսաստանի նախաձեռնությունը Իրան ներկրել զենիթակիր С-300 հրթիռային համալիրներ՝ պայմանով, որ Իրանը կիրականացնի ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, խիստ դրական արձագանք կունենա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի եհտ զրույցում հայտնել է ՎՀՌԻ-ի Սեւ-կասպիցծովյան կենտրոնի գիտահետազոտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Պոպովը:
Նրա խոսքով՝ Իրանը փորձում է արեւմտյան բլոկի դեմ կոշտ հակամարտող քաղաքականությունից անցում կատարել շփման եզրեր գտնելու ավելի ճկուն դիվանագիտական քաղաքականության եւ կարիք ունի, որպեսզի հադես գա խաղաղասեր պետության դիրքերից, որը խաղաղ հարաբերություններ է ցանկանում ոչ միայն հարեւանների, այլ առհասարակ միջազգային հանրության հետ:
«Ուստի Իրանը հնարավորություն կգտնի ոչ միայն օգտագործել որոշ իրադարձություններ միջազգային պահանջներին բավարարելու համար, այլ նաեւ ամեն կերպ կցուցադրի իր խաղաղասիրական տրամադրվածությունը»,- հայտնել է Էդուարդ Պոպովը: Նա հավելել է, որ զենիթակիր С-300 հրթիռների համալիրները պաշտպանողական, այլ ոչ թե հարձակողական բնույթի զենք են, այսինքն Իրանը, լինելով Մերձավոր ու Միջին Արեւելքի տարածաշրջանում առաջատարներից մեկը, շահագրգռված է պաշտպանվածության ուժեղացման մեջ:
Քաղաքագետը վստահ է, որ իրանական կողմի նպատակն է հնարավորինս տարածաշրջանում պահպանել թեկուզեւ վատ, բայց խաղաղություն: «Ավելին, Իրանը հետաքրքրված է, որպեսզի Ռուսաստանն ընդգծի իր եւ Իրանի շահագրգռվածությունը Մերձավոր Արեւելքում խաղաղություն պահպանելու համար»,- նշել է Էդուարդ Պոպովը՝ կարծիք հայտնելով, որ եթե այլ պետությունների կողմից սադրիչ քայլեր չլինեն, ապա Ռուսաստանի նախաձեռնությունը դրական արձագանք կստանա ինչպես Իրանում, այնպես էլ տարածաշրջանի այլ պետություններում:
Նշենք, որ վերջին ժամանակներում ռուսական լրատվամիջոցներում հաճախ տեղեկություն է հայտնվում, որ Ռուսաստանը նախաձեռնում է Իրան ներկրել զենիթակիր С-300 հրթիռային համալիրներ՝ պայմանով, որ Իրանը կիրականացնի ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցները: Հոկտեմբերի 15-ին Ժնեւում մեկնարկել է Իրանի ու «վեցնյակի» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներ ու Գերմանիա) միջեւ բանակցությունների հերթական փուլը իրանական «միջուկային պահոցների» շուրջ:





























