ԱՄՆ Բոստոն քաղաքի արվարձանային մետրոյի կայարաններից մեկում մի կին հարթակից ընկել է երկաթգծերի վրա, բայց մետրոյին սպասող ուղևորները նրան դուրս են բերել փոսից:

Տեսանյութում երևում է` ինչպես է կինը քայլում դատարկ հարթակով, հատում զգուշացնող դեղին գիծը և ընկնում ռելսերի վրա: Մի քանի վայրկյան անց մի խումբ մարդիկ օգնության են հասնում, երկու հոգի ցատկում է փոսի մեջ և կնոջը հանում փոսից:

Կինը մոտ մեկ րոպե ընկած է մնացել, և բարեբախտաբար, այդ պահին կայարանին գնացք չի մոտեցել։ Կնոջ բախտը բերել է նաեւ այն հարցում, որ նա չի դիպչել այն երկաթգծերին, որոնցով փոխանցվում է էլեկրական հոսանքը: Նա միայն ձեռքի վնասվածք է ստացել:

Ըստ CBS Boston-ի՝ կինը շտապօգնության աշխատողներին պատմել է, որ  ինքը գնացքին սպասելիս նստարանին նստած քնել է և, հավանաբար, քնի մեջ քայլել է ու ընկել փոսը: