Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ընդունել է ՀՀ-ում Իրանի դեպան Մոհամմադ Ռեյիսին եւ նրա հետ քննարկել հայ-իրանական համատեղ ֆիլմ ստեղծելու եւ երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Ռեյիսիի խոսքով՝ հայ-իրանական հարաբերություններում կարեւոր դերակատարում է ունեցել եւ ունենում է Իրանի հայ համայնքը, որն ունի դարերի պատմություն եւ հայ-իրանական բարեկամության լավագույն ապացույցներից է: Հայ-իրանական փոխադարձ կապերը ունեն կառուցողական բնույթ եւ զարգանում են բոլոր բնագավառներում:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին երկու երկրների միջեւ ջերմ գործակցության եւ կապերի խորացմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաեւ Իրանի հայ համայնքի նկատմամբ դրսեւորած ուշադրության համար:





























