Facebook սոցցանցը հեռացրել է տեսանյութը, որում կնոջ գլխատման իրական տեսարան էր արձանագրված: Տեսանյութը հեռացրել են քննադատությունների հեղեղից հետո: Սոցցանցը խոստացել է այսուհետ ավելի բծախնդրորեն վերաբերվել կայքում դրվող նյութերին, հայտնում է Reuters-ը:
Սկանդալը ծագել էր հոկտեմբերի 21-ին, երբ BBC-ն հայտնել էր, որ ընկերությունը հրաժարվել է հեռացնել տեսանյութը, որում դիմակավոր տղամարդը գլխատում է կնոջը: Ենթադրվում է, որ դեպքը կատարվել է Մեքսիկայում: Նյութն ուղեկցվում էր կարճ գրությամբ. «Մարտահրավեր. Որեւէ մեկը կարո՞ղ է դիտել սա»:
Տեսանյութը վրդովվեցրել էր օգտատերերին, արտահայտվել էր անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, որը Facebook-ին անպատասխանատվության մեջ էր մեղադրել:
Facebook-ն իր հերթին պնդել էր, որ սոցցանցը պետք է մարդկանց տեղեկատվությամբ փոխանակվելու հնարավորություն ընձեռի, այդ թվում՝ մարդու իրավունքների ոտնահարման, ահաբեկչության եւ բռնության հարցերի վերաբերյալ, հայտնում է NEWSru.com-ը:
Ավելի ուշ Facebook-ը փոխել է դիրքորոշումը՝ խոստովանելով, որ ընկերությունը ճիշտ չի մոտեցել դժգոհություններ հարուցած տեսանյութի գնահատմանը. Այն բռնություն է քարոզում, այդ պատճառով էլ հեռացվել է:





























