Բելգիայում Հայաստանի կառավարության եւ ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջեւ ստորագրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման պայմանագիր: Այն ստորագրվել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում:
Պայմանագիրը ՀՀ վարչապետի ներկայությամբ ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գեւորգյանը եւ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:
Բելգիայի կառավարության օժանդակությամբ կառուցվող այս կենտրոնը Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման առաջին փուլն է, որով իրականացվելու են ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոդեղագործության եւ մոլեկուլյար ախտորոշման գործառույթներ:
Նշենք, որ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը մասնագիտացված է միջուկային բժշկության բնագավառում եւ գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, ադ թվում` Ավստրալիա, Նոր Զելանդիա, Թաիլանդ, Չինաստան, Բրազիլիա եւ այլն:
Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի եւ վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Այն պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման եւ կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի եւ վիրաբուժության ներհիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ:




























