«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գլոբալ ծրագրի շրջանակում աջակցեց Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում բարեկարգման աշխատանքներին: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի եւ Դալարիկի համայնքապետարանի հետ համատեղ՝ նպատակ ունենալով ոչ միայն դարձնել Դալարիկ համայնքն ավելի մաքուր եւ գեղեցիկ, այլ նաեւ նպաստել պատանիների ինքնագիտակցության բարձրացմանը` ամրապնդելով սերը սեփական համայնքի նկատմամբ եւ պատրաստակամությունն անձնական մասնակցությամբ նպաստելու համայնքի զարգացմանը:
Դալարիկ համայնքում իրականացվեցին միջոցառումներ «Դպրոցի բակ» եւ «Էկոլոգիական հեղափոխություն» ծրագրերի շրջանակներում: Բարեկարգվեց դպրոցի բակը՝ դրվեցին նստարաններ, կատարվեց ծառատունկ, տեղադրվեց ոռոգման համակարգ եւ վոլեյբոլի հրապարակը: Բացի այդ կատարվեց նաեւ ընդհանուր համայնքի աղբահանություն եւ փողոցների բանուկ հատվածներում աղբամանների տեղադրում:
Համայնքային գեղեցկացմանն ուղղված ծրագրի շրջանակում 2013 թվականին իրականացվելու է եւս երկու միջոցառում Լեռնագոգ համայնքում: Կատարվող աշխատանքների ցանկը ընտրվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից կազմակերպված «Ձեռներեցության ուսուցում եւ պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոց ծրագրի շրջանակում:
Նշենք որ, «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ ունի համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձ: Համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի մարզերում կրթական, բնապահպահպանական եւ սոցիալական խնդիրների լուծմանը:





























