Պարզվում է՝ «պարզ» բառն իր մեջ բավականին բարդություններ է պարունակում, ու ամենքին չէ, որ իրավունք է տրված այդ բառից պարզորեն օգտվել: Համենայնդեպս՝ «պարզ» բառի օգտագործման իրավասությունը հանդիսացել է վեճի առարկա երկու խոշորագույն հեռահաղորդակցական ընկերությունների միջեւ՝ «Օրանժ Արմենիա» եւ «ԱրմենՏել»: Խնդիրը հետեւյալն է՝ «Օրանժ Արմենիա» ընկերությունն ունի «Պարզ» անվանումով բջջային կապի փաթեթ: Այդ փաթեթի առանձնահատկությունն այն է, որ ցանկացած տեղական զանգ արժե 20 դրամ/րոպե: «ԱրմենՏելը» այս տարվա սեպտեմբերին սկսել է կիրառել «Պարզից պարզ» փաթեթը՝ 15.90 դրամ/րոպե միասնական սակագնով՝ նույնպես տեղական ցանցերի համար;

«Օրանժ Արմենիան» բողոք է ներկայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առ այն, որ «ԱրմենՏելը» օգտագործում է իր կողմից մտավոր սեփականության գործակալությունում գրանցված «պարզ» սպասարկման նշանը, համարյա նույնությամբ կրկնում է փաթեթը; Բացի այդ՝ «ԱրմենՏելն» ունի գովազդային հոլովակ, որտեղ բիլիարդի շարիկները ներկված են դեղին (ԱրմենՏելի գույնն է), նարնջագույն (Օրանժի գույնն է) եւ կարմիր (Վիվասել ՄՏՍ-ի գույնն է): Այդ հոլովակում դեղին գույնը հարվածում է կարմիր ու նարնջագույն գույնի շարիկներին՝ ազդարարելով դեղինի հաղթանակը: «Օրանժ Արմենիան» սա որակել է որպես իր գործարար համբավին վնասող:

ՏՄՊՊՀ-ն այսօր՝ հոկտեմբերի 25-ին որոշեց «ԱրմենՏելի» նկատմամբ կիրառել 20 մլն դրամի տուգանք՝ բավարարելով «Օրանժ Արմենիայի» բողոքը: «ԱրմենՏելի» մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը NEWS.am-ին հայտնեց, որ նիստին հրավիրված չեն եղել, տեղյակ չեն պահվել, իսկ այդ «տարօրինակ» որոշումը կմեկնաբանեն միայն պաշտոնական տեքստը ստանալուց հետո:

Մինչ այդ մեկնաբանությունները կհնչեն՝ մեր կողմից ներկայացնենք մի քանի նկատառում:

Առաջին. հեռահաղորդակցական ընկերությունների միջեւ սուր մրցակցությունը տեղափոխվում է սակագնային դաշտ: Եթե նախկինում ընկերությունները ձգտում էին շահել սպառողի համակրանքը առավելապես ներցանցային զանգերի սակագների հաշվին, ապա ներկայում այդ գնային դեմպինգը տեղափոխվում է դեպի «զանգ այլ ցանցեր» ծառայություն: Այս ամենն իրականացվում է հունվարի 1-ից համարների տեղափոխելիության (MNP) ծառայության ներդրմանը զուգահեռ:

Երկրորդ՝ ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում «պարզ» ապրանքային նշանը գրանցված է «Օրինջ Բրենդ Սերվիսիզ Լիմիթիդ» (ORANGE BRAND SERVICES LIMITED) ընկերության անվամբ: Սա իր հերթին գրանցված է Մեծ Բրիտանիայում: Թե այս բրիտանական ընկերությունն ինչ կապ ունի «Օրանժ Արմենիայի» հետ՝ պարզ չէ: Առավել եւս՝ «Օրանժ Արմենիայի» հիմնադիր կազմակերպությունը ֆրանսիական «ՕՐԱՆԺ ՊԱՂՏԻՍԻՊԱՍԻՈՆ» ընկերությունն է: Բացի այդ՝ Մտավոր սեփականության գործակալությունը գրանցել է նաեւ «Պարզ ջուր» ապրանքանիշն այլ ընկերության անվամբ, այսինքն՝ «պարզ» բառի օգտագործումն այլ համադրություններով թույլատրելի է համարվել:

Երրորդ՝ ՏՄՊՊՀ-ի որոշումից պարզ չէ՝ անթույլատրելի է միայն «պարզ» բառի օգտագործումը փաթեթի անվանումում, թե՞ ընդհանրապես արգելվում է նմանատիպ փաթեթների կիրառումը ալ անվանումով: Ի՞նչ կլինի, օրինակ, եթե «Վիվասել ՄՏՍ»-ը միասնական սակագին սահմանի տեղական զանգերի համար, սակայն փաթեթի անվանումը դնի «շատ բարդ փաթեթ»: Արդյո՞ք սա դիտարկվելու է անբարեխիղճ մրցացություն: Համոզված ենք, անկախ փաթեթի անվանումից, ոչ  մի սպառող չի կարող շփոթել այս երեք ընկերությունների առաջարկները, որքան էլ դրանք իրար նման լինեն:

Եւ վերջապես չորրորդ՝ ՏՄՊՊՀ-ի եւ «ԱրմենՏելի» միջեւ ձեւավորվել է անբարյացակամ հարաբերությունների բարդույթ: Իսկ թե ինչքանո՞վ է դա նպաստում մրցակցությանը՝ մնում է պարզել:

Սամվել Ավագյան