Ես պետական ավելի կարեւոր գործերով եմ զբաղված, քան հետեւելու ոմն Զարուհի Փոստանջյանի ապազգային եւ հակապետական գործուղություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե ինքը ՀՔԾ-ում հաղորդում է տվել հանցագործության մասին եւ պահանջելու է, որ սպառնալիքներ հնչեցրած անձը (նկատի ունի Խաչիկ Ասրյանին) վերցվի կալանքի տակ:

«Օտար ուժերին սեփական հոգին վաճառած Զարուհի Փոստանջյանին վերաբերող բոլոր հարցերը ինձ համար անցած թեմա են, պատմություն: Բայց կրկնում եմ եւ զգուշացնում՝ որեւէ մեկը, լինի իգական թե արական սեռի, ով այսուհետ եւս փորձի օտար պետություններում իմ պետության, իմ ժողովրդի, իմ նախագահի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարել, արժանանալու է ավելի կոշտ եւ կոպիտ պատասխանների եւ գործողությունների, որոնք ես հիմա չեմ մանրամասնի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Խ. Ասրյանը հայտարարել էր. «Նույն Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»: Այնուհետեւ նա նոր հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ այրել ասելով նկատի ունի ոչ թե մարմինը, այլ արարքը: Դրանից հետո պատգամավորը դիմել էր ոստիկանությանը՝ իր անվտանգությունը ապահովելու խնդրով, եւ այժմ ոստիկանները ապահովում են նրա անվտանգությունը: Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է նաեւ, որ Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել հանցագործության մասին, եւ պահանջելու է, որպեսզի քրեական գործ հարուցվի եւ կալանքի տակ վերցվի սպառնալիքներ հնչեցրած անձը: