«22 տարի է, որ հայերեն չեմ խոսած, հայրս մեռավ, հեչ մեկը չունեի, որ խոսիմ հայերեն», - այսպես սկսեց իր զրույցը NEWS.am-ի թղթակցի հետ աշխարհահռչակ պլաստիկ վիրաբույժ Ստեֆան Արիյանը ԱՄՆ-ից, ով Հայաստան էր եկել Պլաստիկ վիրաբույժների միջազգային կոնգրեսին մասնակցելու համար։ Հռչակավոր բժշկին ներկայացնելով, Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ, Կոնգրեսի նախագահ Գագիկ Ստամբոլցյանը նշեց, որ Կոնգրեսի մյուս մասնակիցները զարմացած էին, թե ինչպես է կազմակերպիչներին հաջողվել այս մարդուն, ով լեգենդ է իր ասպարեզում, Հայաստան բերել։ Նրա խոսքով, ռուսաստանցի կոլեգաները հատուկ մոտենում ու լուսանկարվում էին պրոֆեսորի հետ։
Իսկ ինքը Արիյանը արդեն անգլերենով պարզաբանեց, որ տարիներ շարունակ շատ զբաղված է եղել, եւ ժամանակ չի ունեցել Գագիկ Ստամբոլցյանի հրավերները ընդունելու. իսկ նրան բազմիցս են հրավիրել Հայաստան։ Բժշկի պատմելով, վերջին անգամ նա եղել է Հայաստանում երկրաշարժից հետո եւ ԱՄՆ բուժման մարդիկ է տեղափոխել ։
Այս անգամ, Ստեֆան Արիյանի պատկերավոր խոսքով, աստղերը եւ երկնային լուսատուները դասավորվեցին այնպես, որ նա կարողացավ գալ Հայաստան, մեծ հպարտությամբ նեցուկ կանգնելու հայ պլաստիկ վիրաբույժներին։ Ամերիկացի բժիշկը հպարտ է այն բանով, որ Գագիկ Ստամբոլցյանը եւ այլ հայ պլաստիկ վիրաբույժներ կրթում են նոր սերունդ, եւ այսօր մենք քաղում ենք դրա արդյունքները։
«ԱՄՆ-ում հասարակությունը վստահում է բժշկին անելու այն, ինչը ոչ մեկին չի վստահում։ Բժշկին տրամադրվում է լիցենզիա /իրավունք/ անելու համար այն, ինչ անհրաժեշտ է, առանց սահմանափակումների, բայց մեծ պատասխանատվությամբ։ Բժշկությանը թույլ է տրվում ազատ աշխատել, շատ բան է վստահվում, հենց այդ պատճառով մենք ունենում ենք շատ հայտնագործություններ», - ասաց մասնագետը, հավելելով, որ այսպիսի կոնգրեսների նպատակը հենց տարբեր տեղերում կատարված հայտնագործությունների, նորամուծությունների, սովորածի ցուցադրումն է, միմյանց սովորեցնելն ու փորձի փոխանակումն է։ Ըստ նրա, այն որ երկու ասոցիացիա - հայկական եւ վրացական – միավորվել են այս գիտաժողովը կազմակերպելու համար, կարծես երազանքների իրականացում լինի։
Ստեֆան Արիյանը, ով հայտնի է նաեւ իր դասագրքերով, վերջին տարիներին հիմնականում զբաղվում է մելանոմայի եւ փափուկ հյուսվածքների խնդիրներով, ինչպես նաեւ դասավանդում է Յելի Համալսարանում։ «Եվ ես դեռ վիրահատում եմ, ու ձեռքերս դեռ չեն դողում», - ասաց բժիշկը, ով արդեն 72 տարեկան է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Երեւանում իր աշխատանքն ավարտեց Պլաստիկ վիրաբույժների չորրորդ միաջազգային կոնգրեսը, որը կազմակերպել էր Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան իր վրաց գործընկերների հետ համատեղ։





























