Կարինա Կարապետյանը մեր առաջին հայրենակցուհիներից է, որը կոսմետիկ պլաստիկ վիրաբուժությամբ սկսել է զբաղվել դեռեւս 37 տարի առաջ: Նա հպարտ է, որ Պլաստիկ վիրաբույժների միջազգային կոնգրեսն արդեն երկրորդ անգամ տեղի է ունենում Հայաստանում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում եւ ԱՄԷ-ում աշխատող բժիշկը նշել է, որ Հայաստանի իր երիտասարդ գործընկերները շատ լավ մասնագետներ են: Նրանց խորհուրդ է տվել ակտիվ աշխատել համացանցում, եւ հավանական հաճախորդներին տալ ամենաթանկը` տեղկատվություն: Կարինա Կարապետյանը Հայաստանում դեռ ոչ մի անգամ վիրահատություն չի կատարել` չնայած իրեն բազմիցս հրավիրել են:
«Իհարկե, պետք է հաշվի առնել երկրի տնտեսական վիճակը, եւ որ ամբողջ տնտեսությունն այժմ չի ուղղվելու պլաստիկ վիրաբուժության տեխնոլոգիաների զարգացմանը, այլ խնդիրներ կան: Սակայն երիտասարդներն աճում են, աշխատում են: Նրանք իրենց անունը պետք է ունենան միջազգային հարթակներում», - ասել է նա` հայ գործընկերներին խորհուրդ տալով անպայման կայք բացել եւ այն անընդհատ համալրել նոր հոդվածներով: «Այսօր մեր այցելուները երիտասարդներն են, մարդիկ պլաստիկ վիրաբույժներին չեն դիմում 50-60 տարեկանում, այլ դիմում են 18 տարեկանում, այդ պատճառով էլ շատ կարեւոր է նրանց տալ ամենաթանկը, ինչն այսօր կա կյանքում` տեղեկատվություն», - ասել է բժիշկը:
Ըստ նրա` պլաստիկ վիրաբուժությունը միակ մասնագիտությունն է, որը սովորում ես ամբողջ կյանքում, անդադար, այն անընդհատ զարգանում է: «Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը զարգանալու է, ես վստահ եմ: Ես ինքս հայ եմ, անցել եմ այդ ուղիները: Միայն պետք է մեծ ցանկություն ունենալ եւ ներքին մեծ ազատություն», - եզրակացրել է նա:
Հիշեցնենք, որ Պլաստիկ վիրաբույժների միջազգային չորրորդ կոնգրեսը տեղի է ունեցել Երեւանում` հոկտեմբերի 24-26-ին: Կոնգրեսը համախմբել էր աշխարհի հայտնի վիրաբույժներին` Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ավստրիայից, Հարավային Կորեայից, Թուրքիայից եւ այլ երկրներից:





























