Ռուսաստանի եւ Բուլղարիայի իշխանությունները պատրաստվում են կազմել կիրիլիցայով դոմեններից օգտվելու պայմանների ամբողջական ցուցակը։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Բուլղարիայի եւ Ռուսաստանի կապի եւ տրանսպորտի նախարարությունները։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, կողմերը պետք է «www»-ին կիրիլիցայով համարժեք գտնեն։ Կիրիլիցայով դոմենների հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո նրանք համատեղ փաստաթուղթ կներկայացնեն խորշորագույն ինտերնետ-ընկերություններին, մասնավորապես՝ Yahoo!-ին եւ Google-ին։

Բացի այդ, երկրները կփոխանակվեն արգելված դոմենների ցուցակներով։ Այդպիսի դոմեններն անհնար կլինի գրանցել բուլղարական «.бг» եւ ռուսական «.рф» տիրույթներում։

Ռուսաստանը «.рф» տիրույթում գրանցվելու հայտ ներկայացրել է 2009 թ. նոյեմբերի 16-ին՝ ICANN կորպորացիայի կանոններով հնարավոր դառնալու առաջին իսկ օրը։ Շուտով իր հայտն է ներկայացրել նաեւ Բուլղարիան, որի այբուբենը գրեթե ամբողջովին համընկնում է ռուսական այբուբենի հետ։

Ազգային «.рф» դոմենի գործարկումը նախանշված է 2010 թ. աշնանը։ Այդ ժամանակ կիրիլիցայով դոմենների գրանցումը հասանելի կլինի բոլոր ցանկացողներին։