Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին տրամադրված ուղերձում մասնավորապես ասված է. «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած չարամետ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ քաղաքացիների կյանքեր է խլել:
Այս համաժողովրդական վշտի պահին մենք ձեզ հետ կիսում ենք կորստի ցավը, հոգու արիություն եւ տոկունություն մաղթում զոհվածների հարազատներին ու մերձավորներին»:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին առավոտյան հզոր պայթյուններ են որոտացել մոսկովյան մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկի գծի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը մոտենում է չորս տասնյակի:




























