Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեսպան  Ռեիսսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ շնորհավորել Գեւորգ Կոստանյանին`  ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշակակվելու կապակցությամբ:  Մոհամմադ Ռեիսիին փոխանցել է նաեւ ԻԻՀ գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի շնորհավորանքներն ու ԻԻՀ այցելելու հրավերը:

ԻԻՀ դեսպանը կարեւորելով այս ոլորտում երկու երկրների համագործակցությունը, հույս է հայտնել, որ  դրա արդյունավետ իրագործմանը կնպաստի նաեւ 2013թ. ապրիլին ՀՀ եւ ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջեւ կնքված «Փոխըմբռնման հուշագիրը»: Դեսպանը նշել է, որ Իրանի համար կարեւորագույն խնդիր է թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցը, չնայած, որ այդ ուղղությամբ իրավապահ մարմինները հսկայածավալ աշխատանք են տանում:

ՀՀ գլխավոր դատախազը, կարեւորելով ինչպես թմրանյութերի ապօրինի շրջանառության, այնպես էլ` հանցավորության դեմ պայքարն ընդհանրապես,  ընդգծել է, որ թմրանիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումն առավել  արդյունավետ կդարձնի դրանց տարածման դեմ պայքարը: Այդ առումով լուրջ անելիքներ ունեն նաեւ մաքսային եւ սահմանապահ կառույցները` աշխատակիցների պատրաստվածության  բարձր մակարդակ ապահովվելու տեսանկյունից:

ՀՀ գլխավոր դատախազը նաեւ նշել է, որ ԻԻՀ գլխավոր դատախազի հետ առաջիկա հանդիպմանը կքնարկվեն համատեղ գործնական քայլերը, որոնց իրականացման դեպքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կլինի: 

Դեսպան  Ռեիսիին ՀՀ գլխավոր դատախազին շնորհակալություն է հայտնել` դատապարտյալների հանձնման գործում ցուցաբերած աջակցության համար:

«ՀՀ-ում  յուրաքանչյուրի իրավունքը երաշխավորված է,  հանցագործությունը` պատժելի. սա է ՀՀ գլխավոր դատախազության  օրինականության եւ իրավահամակարգի ամրապնդման ուղղությամբ  գործունեության նպատակը»-, հանդիպման ավարտին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: