Մարտի 24-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ «Գիտության եւ տեխնոլոգիաների մոսկովյան կոմիտե» ԲԲԸ-ի միջեւ կնքվել է համաձայնագիր, որի նպատակն է նպաստել ՀՀ եւ ՌԴ գիտական խմբերի եւ հետազոտողների միջեւ համագործակցության զարգացմանը:
Հայաստանի ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ 5 տարի ժամկետով կնքված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել գիտահետազոտական նախագծերի ու փորձարարակոնստրուկտորական մշակումների մրցույթներ, փոխանակել գիտատեխնիկական ոլորտում առկա հնարավորությունների ու անհրաժեշտությունների վերաբերյալ տեղեկատվությունը, իրականացնել հայ-ռուսական համատեղ գիտահետազոտական ծրագրեր, ֆինանսավորել աջակցության արժանացած նախագծերը, կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ եւ այլն: Ըստ համաձայնագրի՝ կողմերը միմյանց կօժանդակեն գիտական նյութերի եւ գրականության փոխանակման եւ գիտական նախագծերի փորձաքննության իրականացման հարցում՝ որպես փորձագետ ներգրավելով Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար գիտնականների:
Համաձայնագիրն ստորագրել են հայկական կողմից՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, իսկ «Գիտության եւ տեխնոլոգիաների մոսկովյան կոմիտեի» կողմից՝ ընկերության գլխավոր տնօրեն Դ. Ռոտոտաեւը:




























