Common Sense Media կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ ԱՄՆ-ի նախադպրոցական տարիքի երեխաների 75%-ը  ակտիվ օգտվում է էլեկտրոնային տարատեսակ գաջետներից, ներառյալ սմարթֆոններն ու գաջետները:

Համեմատության համար՝ երկու տարի առաջ այդ ցուցանիշը 52% էր, հայտնում է lenta.ru-ն:

Ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում են հայտնվել մինչեւ ութ տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները: Ընդ որում,  2011թ. նման ընտանիքների թիվն աճել է քառակի. Եթե 2011թ.  ամերիկյան ընտանիքների միայն ութ տոկոսում երեխաները սմարթֆոններ եւ պլանշետներ ունեին, ապա 2013թ. այդ ցուցանիշն աճել է մինչեւ 40%-ի: Ընդ որում, էլեկտրոնային գաջետներից այս կամ այն կերպ օգտվող մինչեւ երկու տարեկան երեխաների թիվը կազմում է 38%:

Ամեն օր սմարթֆոններից եւ պլանշետներից օգտվում է մինչեւ ութ տարեկան երեխաների 17%-ը: 2011թ. այդ ցուցանիշը ութ տոկոս էր կազմում: 2013թ. երեխաների  63%-ը  սմարթֆոններից է օգտվել,  40% -ը՝ պլանշետներից, 27%-ը՝ գաջետներից, օրինակ՝  iPod Touch-ից: Թվարկված խմբերից մի մասին հասանելի են եղել միանգամից մի քանի էլեկտրոնային սարքեր:

Սարքերի օգտագործման շարունակականությունը 2011թ. օրական 5 րոպեից 2013թ. աճել է մինչեւ 15 րոպե: Ընդ որում, գաջետներից հաճախակի օգտվող երեխաների դեպքում այդ ցուցանիշները կազմել են 43 եւ 67 րոպե համապատասխանաբար: Սովորաբար էլեկտրոնային սարքերն օգտագործվում են խաղերի, մուլտֆիլմեր եւ մանկական ֆիլմեր դիտելու, ինչպես նաեւ տարբեր ծառայություններից օգտվելու համար:

Մինչեւ ութ տարեկան երեխաների շրջանում էլեկտրոնային սարքերի  տարածվածության աճը ուսումնասիրողները բացատրում են  դրանց հարաբերական էժանությամբ եւ օգտագործման հեշտությամբ: