Սարգիս Սահակյանը (ընկերների համար՝ Սերգեյ, նրա արվեստի երկրպագուների համար՝ Ֆաբերժե Սերգեյ) աշխարհում մեծ ճանաչում ունեցող՝ զարդերի դիզայներ է։ Ֆաբերժե հավկիթների ոճով պատրաստված նրա գործերը պահվում են հայտնի մարդկանց մասնավոր հավաքածուներում, նրանց թվում են 24 երկրների նախագահներ, որոնց անունները նկարիչ-դիզայները չի հրապարակում։
NEWS.am-ի՝ ինչո՞ւ հենց Ֆաբերժե հարցին, վարպետը պատասխանեց. «Զարդի մեջ գաղափար դնել չես կարող, զարդը զարդ ա՝ ականջօղ, մատանի, բրասլետ, իսկ այս ամենի մեջ ինձ դուր եկավ, որ գաղափար ես դնում էդ գործի մեջ, միտք ես դնում։ Բոլոր հավկիթները, որ ես պատրաստում եմ, ինչ-որ մի բանի հետ պարտադիր կապված են՝ պատմության կամ տվյալ անձի հետ»։
Սարգիս Սահակյանի գործերը գնահատվում են բավական բարձր։ Նրա գործերը չես կարող գտնել խանութում, դրանք բացառիկ գործեր են, որոնք հիմնականում նրանից գնում են բարձրաստիճան պաշտոնյաները՝ արտասահմանյան ուղեւորությունների ընթացքում արտասահմանցի գործընկերներին նվիրելու համար։
Սարգիս Սահակյանի աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն է տալիս «Yerevan Show-2013» երրորդ միջազգային ոսկերչական էքսպո ցուցահանդեսը, որը Երեւանում գործելու է մինչեւ հոկտեմբերի 30-ը։ Հիշեցնենք, որ տարբեր երկրներից մոտ 150 մարդ է եկել Հայաստան՝ հատուկ ցուցահանդեսում գնումներ կատարելու համար։
Վարպետն իր աշխատանքներում օգտագործում է ոսկու, արծաթի և կիսաթանկարժեք քարերի մշակման մի շարք տեխնոլոգիաներ, ինչպես նաև էմալի բարդ ձևավորում մետաղի վրա: Սարգիս Սահակյանի աշխատանքները ցուցադրվել են Ռուսաստանում, Հոլանդիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում: Հեղինակային աշխատանքները մշտապես ցուցադրվում են Հայաստանի բազմաթիվ թանգարաններում, ինպես նաև Մոսկվայի արվեստի թանգարանում:











