Blackberry-ի մենեջերները եւ Facebook-ի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են սոցցանցի կողմից այդ ընկերությունը գնելու հնարավորությունը
Սակայն առայժմ հայտնի չէ՝ շահագրգիռ է արդյոք Facebook-ը հայտ ներկայացնելու հարցում, գրում է «Գոլոս Ռոսիին»՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:
Երկու ընկերություններում էլ մեկնաբանություններից հրաժարվել են: Նախապես հաղորդվել էր, որ BlackBerry-ն գնել ցանկացող մի շարք գործարարներ եւ ներդրողներ կան, այդ թվում՝ BlackBerry-ի համահիմնադիրներ Մայք Լազարիդիսը եւ Դուգլաս Ֆրեջինը, Fairfax Financial Holdings-ը գլխավորող ներդրողների խումբը: Նրանք պատրաստ են ձեռք բերել ընկերության ակտիվները 4.7 մլրդ դոլարով:
Blackberry-ն նաեւ վաճառքի շուրջ բանակցություններ է վարել Cisco Systems, Google եւ SAP ընկերությունների հետ: Հավանական գնորդների թվում նշվում է նաեւ չինական Lenovo համակարգիչների արտադրողը:
BlackBerry-ն սեպտեմբերի վերջին հայտարարել էր ամբողջ աշխարհում իր աշխատակիցների ավելի քան մեկ երրորդին՝ մինչեւ 4500 մարդու աշխատանքից հեռացնելու մասին՝ ֆինանսական խնդիրներով պայմանավորված:




























