«ԱրմենՏել»  ընկերության (ապրանքանիշը Beeline)  աշխատակիցները, Հայաստանի մանուկներ հիմնադրամի եւ Լեռնագոգ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցեցին ծառատունկին: «Թթվածին դպրոցին» ծրագրի շրջանակում վերակառուցվեց դպրոցի բակը եւ համալրվեց ոռոգման համակարգով, իրականացվեց ծառատունկ,  աղբամանների եւ նստարանների տեղադրման աշխատանքներ: Բացի այդ ներկվեցին համայնքի գլխավոր փողոցներից մեկի դարպասները՝ ստեղծելով ավելի գրավիչ միջավայր:  Միջոցառումն իրականացվում է համայնքների կայուն զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գլոբալ ծրագրի շրջանակում:

«ԱրմենՏել»  ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակում մշտապես առավելությունը տրվում է այն ծրագրերին, որոնք ուղղված են օգնելու մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացված ծրագիրն այս ամենի վառ ապացույցներից մեկն է: Այսօր «ԱրմենՏել»  ընկերության աշխատակիցները համայնքի երեխաների հետ միասին արեցին հնարավոր ամեն ինչ, որպեսզի դպրոցի շրջանավարտները հիշեն իրենց դպրոցն այնքան գեղեցիկ եւ խնամված, ինչպիսին մենք այն տեսնում ենք հիմա»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այսօր տեսա, թե ինչպես է իրականություն դառնում Հիմնադրամի առաքելությունը. երեխաները իրենք են նախաձեռնում իրենց միջավայրի բարելավմանն ուղղված քայլեր՝ առանց սպասելու մեր միջամտությանը: Երախտապարտ եմ, որ այս կարեւոր գործում մեր կողքին է նաեւ «ԱրմենՏել»  ընկերությունը»,- ասել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Գարո Արմենը:

2013 թվականի ընթացքում «ԱրմենՏել»  ընկերությունն աջակցեց Արմավիրի մարզի Լեռնագոգ, Քարակերտ եւ Դալարիկ համայնքների բարեկարգման աշխատանքներին: Բոլոր հովանավորված ծրագրերն ընտրվել են «Ձեռներեցության ուսուցում եւ պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոց ծրագրի շրջանակում, որի նպատակն էր նպաստել պատանիների ինքնագիտակցության բարձրացմանը` ամրապնդելով սերը սեփական համայնքի նկատմամբ եւ պատրաստակամությունն անձնական մասնակցությամբ նպաստելու համայնքի զարգացմանը:

Նշենք որ, «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ ունի համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձ:  Համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի մարզերում կրթական, բնապահպանական եւ սոցիալական խնդիրների լուծմանը: