ԱՄՆ-ում 72 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է Ուիլյամ Լոուն՝ IBM PC համակարգչի ստեղծողներից մեկը:

Մասնագիտությամբ ֆիզիկոս Լոուն IBM-ում աշխատում էր 1962թ.-ից:

1980թ. Լոուն   12 ինժեներների թիմ էր հավաքել եւ խոստացել մեկ տարում ոչ թանկարժեք համակարգիչ ստեղծել անհատ օգտվողների եւ փոքր ընկերությունների համար:

Ժամանակի սղության պատճառով որոշվել էր մեքենայում օգտագործել այլ ընկերությունների արտադրանքներ, ինչպես «երկաթը», այնպես էլ՝ ծրագրերը: Համակարգչում գործարկել էին Intel 8088 պրոցեսոր՝ 4,77 մգհց հաճախականությամբ եւ MS-DOS 1.0 օպերացիոն համակարգ, որն ստեղծվել էր այն ժամանակ քիչ հայտնի Microsoft ընկերության կողմից, հայտնում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:

IBM Personal Computer (կամ 5150 մոդել) անվանումն ստացած համակարգիչը ներկայացվել էր 1981թ. օգոստոսի 12-ին:

Ուիլյամ Լոուն ընկերությունից հեռացել էր 1988թ.՝ գնալով Xerox: 1991թ. նա զբաղեցրել էր Gulfstream Aerospace ավիաշինարարական ընկերության նախագահի պաշտոնը, որը բիզնես կարգի օդանավեր է թողարկում: