ԱՄՆ-ի ԱԱԳ-ն կարողացել է Yahoo! եւ Google ընկերությունների տվյալների կենտրոնները կապող ցանցային ալիքների նկատմամբ լրտեսություն իրականացնել ամբողջ աշխարհով մեկ, գրում է The Washington-ը՝ Սնոուդենի տրամադրած գաղտնի փաստաթղթերը վկայակոչելով:
Լրտեսման համակարգը կոչվում է MUSCULAR: 2013-ի հունվարի սկզբին 30 օրվա ընթացքում դրա օգնությամբ մշակվել էին 181 մլն տարատեսակ գրառումներ, օրինակ՝ տվյալներ այն մասին, թե համացանցից օգտվողները ում եւ երբ են նամակ ուղարկել: ԱԱԳ-ն տվյալները որսացել է բրիտանական կառավարական կապի կենտրոնի հետ համատեղ, հայտնում է lenta.ru-ն:
Bloomberg-ը գրում է, որ ԱԱԳ-ում հերքել են այս տեղեկությունները: Ըստ գերատեսչության ղեկավար Կիտ Ալեքսանդրի՝ գործակալությունը ցանցային վերահսկողությունն իրականացնում է ահաբեկչության դեմ պայքարի նպատակով եւ ըստ օրենքի չի կարող ինքնուրույն տվյալներ որսալ ամերիկյան ընկերությունների սերվերներից:
Yahoo!-ն եւ Google-ը հավաստիացնում են, որ ԱԱԳ-ին կամ որեւէ այլ ծառայության սերվերների հասանելիություն չեն տրամադրել:





























