«ԼԱՐԿՈ գրուպ» ՍՊԸ-ի նախատեսած շինարարությունը Սայաթ Նովա 10 և 12 շենքերի բակում` նախկին կաթսայատան տեղում, օրինական է, համապատասխանում է քաղաքաշինության բոլոր նորմերին: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողներին ասաց ընկերության ներկայացուցիչ Հայկ Եգանյանը:

Սայաթ Նովա 10 և 12 շենքերի բնակիչները բողոքում են, որ այնտեղ իրականացվող շինարարությունը անօրինական է, փակում է իրենց լույսը , վտանգում իրենց շենքերի սեյսմակայունությունը, փակում ճանապարհը։

«Մեր քաղաքապետի լոզունգը բակը երեխաներինն է, զրուցարանն էլ՝ ծերերինը, չէ՞: Բա ու՞ր ա...Ինձ հետաքրքիր չի՝ Լարկո գրուպը կառնի, Նարկո գրուպը կառնի, սխալ որոշում ա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սայաթ Նովա 10 շենքի բնակիչ Ադամյան Ռուզաննան:

«Լարկո գրուպի» փաստաբանը հավաստիացրեց, որ փորձագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ խախտումներ չկան: Նաև հերքերց լուրը, թե ընկերության սեփականատերը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է. «Ընկերությունը պատկանում է ամերիկահայ ներդրող Աբել Հախվերդյանին, իսկ տնօրենը Գագիկ Հախվերդյանն է»:

Այնուամենայնիվ, բնակիչները շարունակում են պնդել, որ ընկերությունը Վիգեն Սարգսյանին է պատկանում, և խախտվել է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետը, ըստ որի, փողոցը և ընդհանուր օգտագործման տարածքը ենթակա չեն վաճառքի։

«Փողոցի մի մասը վաճառվել է: Կաթսայատան տարածքից բացի փողոցից 1.5 մետր պետք է հատկացնեն շինարարության համար, 2.5 մետր էլ կոնսոլներ պետք է դուրս գան շենքից: Կոնսուլներն իրավունք չունեն դուրս գալ պետական հողի վրա»,- ասաց Սայաթ Նովայի բնակիչ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ալբերտ Սարգսյանը:

Նա հերքեց շրջանառվող այն լուրը, թե ինքն է պատրաստվում գնել տարածքը, և հրահրել է բնակիչներին դուրս գալ ընկերության դեմ. «Ինչի՞ պիտի ես էս կաթսայատունը առնեի, եթե ոչ մի հեռանկար չկա: Սա «Լարկո գրուպի» պրիմիտիվ գործադիր տնօրենի կեղծիքն ա: Ես իրան ասել եմ` եթե սա հեռանկար ունենար, Գագիկ ջան, ես սա կգնեի։ Ես օլիգարխ չեմ։ 12 տարեկան ավտո եմ քշում»:

Սայաթ Նովա 10 և 12 շենքերի բնակիչները ստորագրահավաք են անցկացրել, դիմել քաղաքապետին, բայց արձագանք դեռ չեն ստացել: Բնակիչներն այժմ պահանջում են հանդիպում քաղաքապետի և Աբել Հախվերդյանի հետ:

«Քաղաքապետը քանց 100 լսի, ավելի լավ ա, գա, մի անգամ իր աչքով տեսնի»,- ասաց բնակիչներից Պետրոսյան Հռիփսիկը: