Եթե մենք ուզում ենք անվտանգ երթեւեկություն, որակյալ սպասարկում, ապա այս սակագնով հնարավոր չէ այն իրականացնել: Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ պատասխանեց եւս մի քանի հարցի:

Պարոն Մարգարյան, տրանսպորտի թանկացման հարցը կրկին շրջանառության մեջ է դրվել, արդյոք թանկացումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ:

Հանձնաժողովը  քննարկումներ է անցկացնում: Քննարկումից հետո կհայտարարվի վերջնական արդյունքի մասին:

Խոսակցություններ կան, որ թանկացումները նախատեսվում են հունվարին, որ  բնակիչները չկարողանան բողոքի դուրս գալ:

Հանձնաժողովը բաց է աշխատում: Հետեւեք նրանց աշխատանքներին եւ կտեսնեք, թե երբ կլինի: Հանձնաժողովում նման քննարկում չի եղել, թե երբ են թանկանալու, այլ փուլ առ փուլ քննարկում է, թե ինչ սակագնի վրա է կանգնելու: Թող քննարկեն ավարտեն, պարզ կդառնա: Ես չեմ ցանկանում աշխատանքներին հիմա գնահատական տալ: Երբ հանձնաժողովը իր  վերջնական արդյունքը կներկայացնի, այդ  ժամանակ ես իմ գնահատականը կտամ:

Ներկայիս 100 դրամով հնարավո՞ր չէ կազմակերպել փոխադրումը:

Ես բազմիցս եմ ասել եւ իմ կարծիքը չեմ փոխում: Առաջին հերթին ես կուզենայի, որ տրանսպորտը անվճար լինի, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ անհնար է անվճար սպասարկում իրականացնել:  Իսկ ինձ համար առաջնահերթը երեւանցու անվտանգ եւ որակյալ երթեւեկությունն է եւ, որ սպասարկումը  կարողանանք ապահովել: Իսկ ներկա պահին հանձնաժողովը քննարկում է, թե ինչ սակագնով կկարողանանք առաջնահերթ անվտանգ երթեւեկությունը ապահովել եւ որակյալ սպասարկում իրականացնել:

Այսինքն` թանկացումը անխուսափելի՞ է:

Եթե մենք ուզում ենք անվտանգ երթեւեկություն, որակյալ սպասարկում, այո, այս սակագնով հնարավոր չէ այն իրականցնել: Իսկ, եթե չենք ուզում, ուրեմն այս սակագնով հնարավոր է այս իրավիճակը այսպես պահել:

Այդ դեպքում չեք վախենո՞ւմ քաղաքացիական ընդվզումից:

Այստեղ վախենալ-չվախենալու խնդիրը չէ: Ավելի շատ պետք է մտածենք, ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա եւ առաջիկա տարիների մասին: Եթե այսօր տրանսպորտի  խնդրին լուծում չտանք, հաջորդ տարիներին ընդհանրապես Երեւան քաղաքում տրանսպորտ  չենք ունենա: Իսկ չենք մտածում, եթե երկու տարի  հետո Երեւանում տրանսպորտ չլինի, ի՞նչ ենք անելու: Թող հիշեն՝ 90-ական թվականների սկզբին մայրաքաղաքում  տրանսպորտի լուրջ խնդիր կար եւ ես երբեք չեմ ցանկանա, որ մենք   այդ վիճակին հասնենք: Դրա համար  այսօր, քանի որ քաղաքային իշխանության, այդ թվում  տրանսպորտի պատասխանատուն մենք ենք, պետք է մտածենք , վաղվա եւ առաջիկա տարիների մասին: Իսկ այսօր անվտանգ երթեւեկություն չի իրականացվում, եւ բոլորս ենք տեսնում մեր տրանսպորտի վիճակը: Հալաբյան փողոցի  խոշոր վթարը՝ պարզ եւ ցավալի օրինակ: Առաջիկայում տրանսպորտի մաշվածության պատճառով վթարների վիճակագությունը եւս կներկայացվի:

Իսկ  Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ստացե՞լ եք այս հարցի շուրջ:

Դա քաղաքային իշխանության լուծելու խնդիրն է , որի  համար հանձնաժողով ենք ստեղծել եւ ինքնուրույն կատարում ենք մեր աշխատանքները: