Մարտի 30-ի կեսօրին իր գործունեությունը դադարեցրել է Հարավսլավիայի yu դոմենային գոտին։ yu դոմենը գոյություն ուներ 1989 թվականից եւ աշխատում էր նույնիսկ երկրի կործանումից հետո։ Այս մասին հաղորդում է Balkan Insight-ը։ yu դոմենի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումն ընդունել է Սերբիայի ազգային ինտերնետ դոմենների ռեգիստրը։ Վերջինս էլ իր հերթին նման որոշում է ընդունել ICANN ընկերության որոշումից հետո, որն էլ բաշխում է ցանցի կապերը եւ հասցեները։

Yu գոտուց սերվերների փոխանցումը Սերբիայի պատկանող նոր rs գոտի ավարտվել է 2009 թվականի մայիսին։ Yu-ում դեռեւս գրանցված են 4000-ից ավելի դոմեններ, իսկ rs-ում՝ 52 հազարից ավելի։

Ի սկզբանե ենթադրվում էր, որ yu դոմենային գոտին կդադարեցնի իր գործունեությունը 2009 թվականի սեպտեմբերին։ Սակայն RNIDS-ի ներկայացուցիչները խնդրել էին հետաձգել եւ ժամկետը տեղափոխվել է 2010 թվականի մարտի 30-ը։ Այսպիսով su դոմենային գոտին, որն ամրագրվել է Խորհրդային Միության կողմից, մինչ օրս գոյություն ունի եւ ընդլայնվում է նոր գրանցումների հաշվին։ Մարտի 30-ի դրությամբ, այնտեղ գրանցված են 93 հազարից ավելի դոմեններ։