Պատժամիջոցները վերացնելու դեպքում Իրանը կարող է լրացուցիչ արձանագրություն ստորագրել ԱԷՄԳ-ի հետ` իրանական միջուկային օբյեկտների խստացված վերահսկողության մասին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաքչին:

«Պատժամիջոցները վերացնելը եւ երաշխիքների վերաբերյալ ԱԷՄԳ-ի հետ լրացուցիչ արձանագրություն ստորագրելը  բոլոր կողմերի համար բանակցային գործընթացի վերջին եւ բարդ քայլերն են, եւ դրանք գտնվում են ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ Իրանի Մեջլիսի պատասխանատվության ներքո, որոնց կարծիքների վրա կարող է ազդել  այդ երկրներից յուրաքաչյուրի կառավարությունը: Պատժամիջոցները վերացնելու դեպքում հիմքեր կառաջանան Իրանի խորհրդարանում լրացուցիչ արձանագրություն ընդունելու վերաբերյալ», - փոխնախարարի խոսքերն է մեջբերում  IRNA-ն:

Ըստ նրա` Իրանը չի ձգտում բոլոր խնդիրները լուծել բանակցային գործընթացի առաջին քայլերի ժամանակ, քանի որ փորձում է «հակամարտության մթնոլորտը վերածել փոխգործակցության մթնոլորտի», հայտնում է «Ռոսբալտը»:

Հաղորդվել էր, որ հոկտեմբերի 29-ին Իրանը եւ ԱԷՄԳ-ը կառուցողական հանդիպում էին ունեցել Վիեննայում` պայմանավորվելով շարունակել քննարկումը Թեհրանում` նոյեմբերի 11-ին: Բանակցությունների արդյունքում ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտնել էր, որ Թեհրանը հուսով է նոր էջ բացել գործակալության հետ փոխհարաբերություններում` Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հարցերը կարգավորելու նպատակով: «Իրանը նոր առաջարկներ է արել, մենք դրանք հանգամանորեն կքննարկենք, եւ ԱԷՄԳ-ը  դրանք գնահատել է` որպես կառուցողական», - ասել է դիվանագետը: Սակայն կողմերը չեն հրապարակել այդ նոր առաջարկների էությունը: