Հայաստանի էներգետիկայի նախարարությունը հետաքննում է Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերի միջեւ խափանման պատճառները: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, խորհրդարանում հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` պատասխանելով ՀԱԿ-ի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, որը վերաբերում էր նոյեմբերի 2-ի հոսանքազրկմանը:
Նախարարը հիշեցրել է, որ նոյեմբերի 2-ին, ժ. 10.24-ին, Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել էր Իրանի էներգահամակարգի հետ զուգահեռ աշխատանքից, որի հետ Հայաստանն ունի խոշոր հոսքակետեր: «Դրանց շնորհիվ մենք կարող ենք օգտագործել էլեկտրաէներգիայի ավելի էժան մատակարարների հզորությունը, ինչպիսիք են Որոտանի համալիրը եւ ԱԷԿ-ը»: Հայաստանի ԱԷԿ-ի մեկուսացված համակարգում կարող է արտադրվել 1,7 – 1,8 միլիարդ կՎտ/ժ, իսկ այժմ այն 2,5 միլիարդ է: Առանց դրա Հայաստանում էլեկտաէներգիայի սակագինը 1կՎտ/ժ-ի համար ստիպված թանկանալու էր 7-8 դրամով: «Այժմ, ինչպես հայտնի է, Հայաստանի ԱԷԿ-ը ծրագրային վերանորոգման է կանգնեցված մինչեւ նոյեմբերի 15-16-ը: Այդ պատճառով էլ մենք ժամանակավորապես էլեկտրականություն ենք ներկրում Իրանից` 200մՎտ հզորությամբ», - պարզաբանել է նախարարը:
Զուգահեռ աշխատանքից կտրվելուց հետո անմիջապես գործարկվել է պաշտպանական մեխանիզմը, որն անջատել է էլեկտրաէներգիան: «Անջատվելուց երկու րոպե անց պարամետրերն արդեն կարգավորվել էին: Հզորությունը մենք աստիճանաբար ենք սկսել ավելացնել` սկզբում միացնելով սպառողների եւ հանրապետության համար կենսական կարեւորություն ունեցող կառույցների էլեկտրականությունը: Գործընթացը տեւել է 3,5 ժամ», – նշել է էներգետիկայի նախարարը: Ըստ նրա` հատուկ խումբ է ստեղծվել, որը հետաքննում է կատարվածի պատճառները եւ ապագա հնարավոր քայլերը:





























