Հայաստանի ԳԱԱ երկրաֆիզիկայի եւ ճարտարագիտական սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Սեւադա Հովհաննիսյանը ծայրահեղ հոռետեսորեն է վերաբերում երկրաշարժերի գլոբալ կանխատեսման ծրագրին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սեւադա Հովհաննիսյանը կրկին ընդգծել է, որ ժամանակակից փուլում գիտությունը, ցավոք, դեռեւս չի սովորել կանխատեել երկրաշարժերը: «Եվ հետո կանխատեսման իրականացման հավանականությունը զրոյական է: Դա միայն ենթադրություն է՝ հիմնված երկրաշարժերի պարբերականության վրա»,-ընդգծել է ինստիտուտի տնօրենը:

2014 թվականի համար նախատեսված վերոհիշյալ ծրագրի կանխատեսման համաձայն՝ Հայաստանը ուժեղ երկրաշարժի «հավանականության» աստիճանով զբաղեցնում է 9-րդ տեղը:

Առաջին տեղը զբաղեցնում է Հյուսիային Իրանը (ներառյալ հյուսիս-արեւմտյան եւ հյուսիս-արեւելյան հատվածները): Այստեղ կանխատեսման հեղինակները մինչեւ 7,2 մագնիտուդով երկրաշարժ են «սպասում» Ադրբեջանում եւ Թուրքմենստանում: Ադրբեջանի համար կանխատեսվում է 5,8-6,5 մագնիտուդով երկրաշարժ 2014-ի առաջին կեսին: 3-րդ տեղը զբաղեցնում է Տաջիկստանը: Այստեղ «հավանական է» 2 երկրաշարժ՝ մեկը առանձին լեռնային շրջաններում, մյուսը՝ երկրի կենտրոնական մասում: