Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն նոյեմբերի 11-ին կայցելի Իրան, որտեղ կքննարկի այդ երկրի միջուկային ծրագրի հարցը:
Ամանոյի այցի մասին նոյեմբերի 5-ին հայտնել է իրանական պետական հեռուստաընկերությունը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վիեննայի բանակցությունների ընթացքում:
Հիշեցնենք, ԱԷՄԳ-ի տնօրենը հոկտեմբերի 28-ին բանակցություններ է անցկացրել Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչիի հետ: Հանդիպումն ավարտվել էր առանց վերջնական որեւէ պայմանավորվածության ձեռքբերման:
ԻԻՀ պատվիրակությունը վիճելի հարցերի նկատմամբ «նոր մոտեցում» է առաջարկել, որը ԱԷՄԳ-ը բնորոշում է որպես «երկարաժամկետ եւ բարդ»: Ընդ որում, Իրանի ներկայացուցիչները չեն որոշակիացրել նոր մոտեցման էությունը:
Ժնեւում նոյեմբերի 7-8-ին կկայանան ՄԱԿ-ի ԱԽ մշտական հնգյակի եւ Գերմանիայի ու Իրանի միջեւ բանակցությունները, որոնք կվերաբերեն Թեհրանի միջուկային ծրագրերի հետ կապված ճգնաժամի կարգավորմանը:





























