Հայաստանում նախորդ շաբաթ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը Իրանի էներգահամակարգից անջատվելու արդյունք չէր: Այս մասին հայտարարել է Իրանի էլեկտրագծերի ղեկավարող ընկերոթյան տնօրեն Միրֆաթթահ Ֆաթթահ Ղարահբակը՝ իրանական «Fars» գործակալությանը տված հարցազրույցում:
«Նախորդ շաբաթ Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումը կապված է եղել երկրի էլեկտրաէներգետիկ ցանցի ներքին խնդիրների հետ»,-ասել է իրանցի պաշտոնյան: Ընդգծելով, որ իրանական եւ հայկական էներգացանցերը կապված են միմյանց հետ, նա ասել է. «Ներկայումս Հայաստանի եւ Իրանի էներգացանցերը սինխրոնացված են»,-ասել է նա:
Ընդգծենք, որ Հայաստանում շաբաթ օրը առավոտյան տեղի է ունեցել վերջին երկու տասնամյակների ընթացքում էլեկտրաէներգիայի ամենազանգվածային անջատումը: Հայկական իշխանությունները հայտարարել էին, որ տեղի էր ունեցել Իրանի էներգահամակարգից կարճատեւ անջատում: Հայաստանի ամբողջ մայրաքաղաքն ու մարզերի մի մասը մոտ մեկ ժամ առանց էլեկտրականության էր մնացել:




























