Երկու տասնյակից ավելի անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Ավելին` կան տուժած ոստիկաններ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանությունից:
Նրանց փոխանցմամբ արդեն քանի օր է` «Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում: «Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքը եւ անօրինական գործողությունների մղելու կոչերը: Այսօր եւս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսեւորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից` հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց կրկին հորդորել են չխախտել հասարակական կարգը եւ ազատել Մաշտոցի պողոտայի երթեւեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ եւ գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել: Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին եւ ազատել պողոտան»,- փոխանցեցին ոստիկանությունից:
Կատարվում է դեպքի վայրի զննություն: Ոստիկանությունը հայտարարում է նաեւ, որ չի հանդուրժելու եւ ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշել են ոստիկանությունից:
Նախնական տեղեկություններով, բերման ենթարկվածների թվում են Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Վիլեն Գաբրիելյանը, Վրեժ Զատիկյանը, Կարեն Հարությունյանն ու Վահագն Մինասյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազատության հրապարակից այսօր ժամը 17.00-ին սկսված «Անոնիմուսների» երթը անսպասելի զարգացում է ունեցել : Ոստիկանները՝ ռետինե մահակներով, ակտիվիստները՝ փայտերով, սկսվել է ծեծուջարդը։ Պայթուցիկներ են նետվել, տարածքը ծխի մեջ կորել է: Հրմշտոցի ժամանակ վնասվել է NEWS.am-ի լրագրողը, նրան հրել են ավտոմեքենայի վրա, ապակին կոտրվել է, լրագրողի գլուխը վնասվել է:
Այս պահին ոստիկանները շղթա են կազմել՝ թույլ չտալով երթի մասնակիցներին շարժվել դեպի նախագահի նստավայր։ Բաղրամյան պողոտայում մեծ թվով ոստիկաններ կան։ Մաշտոցի պողոտան Օպերայի հատվածում փակ է:











