Թեհրանի եւ Արեւմուտքի երկրների՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ տասնամյա հակասությունները կարող են լուծվել ամենակարճ ժամկետներում, եթե կողմերն առավելագույն ջանքեր գործադրեն: Այս մասին «վեցյակի» բանակցություններից առաջ եւ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ բանակցություններից հետո   հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:

«Եթե յուրաքանչյուրը անի հնարավորը, մենք կարող ենք դա անել», - լրագրողներին ասել է Զարիֆը:  «Մենք լուրջ զրույց ենք ակնկալում: Դա հնարավոր է», - հավելել է նա՝ պատասխանելով նոյեմբերի 7-8-ի բանակցությունների ընթացքում հակասությունների հաղթահարման հեռանկարների մասին հարցին:

«Վեցյակի» ներկայացուցիչները (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հույս ունեն որոշակի առաջընթացի հասնել Ժնեւում Թեհրանի հետ բանակցությունների հերթական   փուլում, «ՌԻԱ Նովոստիին» նոյեմբերի 7-ին հայտնել էր  Եվրոպական դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մանը:

Թեհրանի հետ «վեցյակի» ներկայացուցիչների  բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 7-8-ին Ժնեւում:

Այս անգամ կարող է զգալի առաջընթաց գրանցվել իրանական միջուկային ծրագրի կարգավորման գործում: