Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ Բուրջ-Համուդ շրջանում, Հայկական օգնության խաչի սոցիալ-բժշկական կենտրոնը, Իտալիայի դեսպանատան հետ համատեղ, կենտրոնի համար բացել է արեւային ջրատաքացուցիչ: Այդ մասին գրում է լիբանանյան «The Daily Star» թերթը:

Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ նախաձեռնությունը մաս է կազմում «Իտալիայի կողմից ֆինանսավորվող նախագծի, որն ուղղված է կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացմանն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմանը նպաստելուն»: Նոր արեւային ջրատաքացուցիչն օրական կապահովի 600 լիտր տաք ջուր:

«Այս ակցիան ցույց է տալիս էներգիայի վերականգնման նման համակարգի կիրառման նպատակահարմարությունը նոր աշխատատեղերի ստեղծման տեսակետից, ինչպես նաեւ ներդրումների եկամտաբերության տեսակետից»,- հայտնել է դեսպան Ջուզեպե Մորաբիտոն:

Արեւային ջրատաքացուցիչի տեղադրումը 66 միջոցառումներից մեկն է հանդիսանում, որոնք անց են կացվում դեսպանատան կողմից Լիբանանում էներգիայի օգտագործման արդյունավետության նպատակով: Ծրագրի իրականացման համար Իտալիան նվիրաբերել է 1 մլն եվրո: