«Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Հատուկ քննչական ծառայություն է եկել երկու փաստաբանների՝ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի հետ։ Մինչեւ ՀՔԾ մտնելը նա լրագրողներին ասաց, որ իր հետ շատ փաստաբաններ չկան, որովհետև ծանուցագիրը ստացել է երեկ ուշ երեկոյան, եւ որ չգիտի, թե ինչ մեղադրանք է առաջադրվելու։ «Կարող ա Քենեդու սպանության համար ա»,- կատակով նկատեց նա (ֆոտոռեպորտաժ)։
Ինչպես ավելի վաղ Կիվիրյանն ասել էր NEWS.am-ին, իրեն ուղարկված ծանուցագրում նշված է եղել, որ հրավիրում են ՀՔԾ որպես մեղադրյալ: Նա ասել էր, որ իր հանդեպ խափանման միջոց է ընտրվելու, եւ չի բացառվում, որ կալանավորելու որոշում կայացվի։
Մինչեւ շենք մտնելը Արգիշտի Կիվիրյանը ողջագուրվեց իրեն սատարելու եկած ակտիվիստների հետ։ Վերջիններն իրենց հետ բերել էին «Ձեռքերդ հեռու Արգիշտի Կիվիրյանից», «Հայաստանը քաղբանտարկյալների կարիք չունի» գրություններով պաստառներ։
«Իրենց բոլոր գործողությունները վկայում են այն մասին, որ իրենք նկատակաուղղված փորձում են ինձ ոչնչացնել»,- ասաց վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել: Ոստիկանությունն իր աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրգործ էր հարուցել Արգիշտի Կիվիրյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը զեկուցագիր էր գրել, իբր Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Արգիշտի Կիվիրյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը եւ բոլոր նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ Քննչական ծառայություն, քննությունը կատարվում է այնտեղ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











