Ավելի ճիշտ  կլինի տղամարդկանց եւ կանանց իրավահավասարությունն ամրագրել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքով՝ առանց «գենդեր» եզրույթի կիրառման: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ  Արամ Սարգսյանը:

Նոյեմբերի 6-ին ԱԺ համապատասխան հանձնաժողովում քննարկում էր կայացել, որին մասնակցել էին կառավարության եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ, պատգամավորներ:

«Մեզ համար անսպասելի կերպով քննարկումը բավական բուռն անցավ: «Գենդեր» եւ «գենդերային հարաբերություններ» հասկացությունները պաշտպանող ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացված էին ողջ կազմով՝ մոտ 12-13 կին եւ 1 տղամարդ, նաեւ Կառավարության ներկայացուցիչ Ֆիլարետ Բերիկյանը», - պատմել է Արամ Սարգսյանը:

Քննարկումը  եղել է այն թեմայով, որ «գենդերը» այն չէ, ինչը ենթադրվում  է  «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքով, այլ գոյություն ունի ՄԱԿ-ի համապատասխան որոշում այն մասին, թե գենդերի իմաստը նրանում է, որ մարդու կենսաբանական սեռը ոչ միշտ է համընկնում նրա ինքնանույնականացման սեռին:

Ըստ Արամ Սարգսյանի՝ «գենդեր» եզրի կողմնակիցները պնդում են, որ գենդերը կնոջ եւ տղամարդու  միջեւ հարաբերությունները սոցիալականացնելն է:

Նա ընդգծել է, որ քննարկման ընթացքում անընդհատ փորձ է արվել այդ հարցը կապել արտաքին քաղաքական  վեկտորի ընտրության հետ: «Այդ օրենքն ընդունելու համար կառավարությունը մեծ  տրանշ է ստացել Արժույթի միջազգային հիմնադրամից», - նշել է Արամ Սարգսյանը:

Ըստ Արամ  Սարգսյանի՝  մեր երկրում կան 5-րդ շարասյուներ, որոնք ցանկանում են օտար սկզբունքներ եւ օտար արժեհամակարգ ներմուծել: «Ինձ համար միշտ էլ հարազատ է եղել այն Եվրոպան, որը մեզ կրթել է նախկինում: Այժմ Եվրոպան փոխվել է, այնտեղ ձեւավորվել է այսպես կոչված ԼԳՏՊ համայնք, որն օրըստօրե իշխանության է հասնում», - նշել է Արամ Սարգսյանը, հավելելով, որ Եվրոպայում այդ երեւույթը խրախուսվում է, իսկ մեզ դա պետք չէ: Դեմոկրատական կուսակցության ղեկավարը նշել է, որ ոչ ոք չի սահմանափակում սեռական փոքրամասնությունների իրավունքները, «սակայն չի կարելի նման արժեքները քարոզել»:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Հայաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ օրինագիծ էր ընդունել՝ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներ ապահովելու  վերաբերյալ: Օրինագծի երրորդ հոդվածը հասարակության մեջ եւ սոցցանցերում դարձել էր  բուռն քննարկումների առարկա: Նշված հոդվածում «գենդեր» հասկացությանը տրված է հետեւյալ սահմանումը՝ «տարբեր սեռի անձանց ձեռքբերված, սոցիալապես ամրագրված վարք, տղամարդու եւ կնոջ միջեւ հարաբերությունների սոցիալական վիճակ, որը դրսեւորվում է հասարակական կյանքի բոլոր բնագավառներում»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am