Նախագահականի մոտ նոյեմբերի 6-ից հինգերորդ անգամ նստացույց հայտարարած էջմիածնեցի Աշոտ Խուդոյանը պատրաստվում է բերանը կարել և հացադուլ անել, եթե նախագահն ու գլխավոր դատախազն իրենց ուղղված նամակների ստացման օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում չհանդիպեն իրեն:
Աշոտ Խուդոյանն այս անգամ իր 4-ամյա աղջկա հետ է եկել նախագահականի մոտ: Այսօր առավոտյան Էջմիածնի ոստիկանության բաժնից կանչել են, ստիպված է եղել մի քանի ժամով լքել նստացույցի վայրը: Էջմիածնի նորանշանակ ոստիկանապետ Արմեն Առաքելյանը նրան հորդորել է դադարեցնել նստացույցը, բայց Աշոտը վերադարձել է:
Քաղաքացին տեսակցություն է խնդրում նախագահի հետ, պահանջում, որ բացահայտեն այն «հանցագործներին», որոնք, նրա խոսքով, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի գրասենյակից գողացել են իր պապու կտակն ու կեղծել այն: «Բաղրամյան 26-ում արյունս չի դադարելու, իմ արյունով պահանջելու եմ, որ բերեն հանցագործներին: Ուզում եմ բացահայտեմ իշխանությունների ներկայացրած ապացույցները, աճպարարությունները, ասեմ տեսեք՝ ձեր մանկլավիկներն ինչ աճպարարություն են անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Աշոտ Խուդոյանի համոզմամբ՝ փաստաթղթերն իր քույրը, մայրն ու Էջմիածնի նախկին նոտար Շաղոյան Սուրիկն են կեղծել: Էջմիածնի ոստիկանությունում գրավոր բողոք է գրել, որ կադաստրի նախկին աշխատողներ Վարդան Ծաղոյանը և Քնարիկ Ավետիսյանը կադաստրային գործից գողացել են իր փաստաթղթերը, բայց ոստիկանությունը գործին ընթացք չի տվել: Այժմ ընթացքի մեջ է նրա քրոջ՝ Մարիետա Քալաշյանի դեմ հարուցված գործը՝ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:
«Քույրս, քրոջս ամուսինը ահաբեկում են, որ ընտանիքիս թաղելու են, կրելու են, տունը ձեռիցս վերցնելու են: Քույրս իրանից ոչ մի բան չի ներկայացնում, եթե դատավորը չաջակցեր իրանց»:
Աշոտ Խուդոյանը նշեց, որ իր նախկին նստացույցերը դադարեցրել էր, քանի որ նախագահականից իրենց խոստացել էին հետևել, որ դատախազությունը օբյեկտիվ քննություն անցկացնի:











