ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին նոյեմբերի 8-ին չնախատեսված այցով կմեկնի Ժնեւ` Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ հանդիպելու նպատակով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Քերրիին ուղեկցող ամերիկացի դիվանագետներին:

Նոյեմբերի 7-ին Քերրին Հորդանանում է եղել, իսկ նոյեմբերի 8-ին  մտադիր է նախ այցելել Իսրայել՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպելու, իսկ արդեն դրանից հետո կուղեւորվի Շվեյցարիա:

Ժնեւում ընթանում է  Իրանի հետ «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը, այնտեղ Քերրին կհասնի օրվա երկրորդ կեսին: 

Քերրին մեկնում է` «փորձելով մեղմացնել տարաձայնությունները» իրանական միջուկային ծրագրի շուրջ, որոնք կան  բանակցությունների մասնակիցների միջեւ, լրագրողներին հայտնել  է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ըստ նրա` պետքարտուղարը Ժնեւ է մեկնում արտաքին գործերի եւ քաղաքականության հարցերով ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հրավերով: Այսօր առավոտյան Էշթոնը հանդիպում է անցկացնելու «վեցյակի» անդամների հետ, իսկ այնուհետեւ կհանդիպի Զարիֆին: 

Ըստ փորձագետների` Քերրիի անսպասելի այցը կարող է նշանակել, որ կողմերը որոշակի պայմանավորվածության են հասել իրանական միջուկային ծրագրի շուրջ: