Իրանը եւ Հայաստանը վճռական են այսուհետ եւս շարունակել երկկողմ հարաբերությունները, հատկապես տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Ինչպես գրում է իրանական «Press TV» կայքը՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում ընդունել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ քննարկելու համար երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու համար առկա հնարավորությունները:
Հանդիպմանը նախագահ Ռոհանին բարձր է գնահատել Իրանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով տնտեսական եւ մշակութային կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: Իրանի նախագահը անդրադարձել է նաեւ Թեհրանի եւ Երեւանի միջեւ համատեղ տնտեսական նախագծերին, հույս հայտնելով, որ այդ նախագծերը արդյունք կտան որքան հնարավոր է շուտ:
Իր հերթին, նախարար Մովսիսյանը, ողջունելով երկու երկրների միջեւ սերտ կապերը, ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը եւ ժողովուրդը ձգտում են զարգացնել հարաբերություններն Իրանի հետ: նա նշել է, որ Հայաստանը ջանքեր կգործադրի Թեհրանի հետ համատեղ նախագծերի իրականացման ճանապարհին առաջ եկած խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
Մովսիսյանը նաեւ Իրանի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր հրավերը:





























