ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենիամի Նեթանյահուին՝ Ժնեւում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին տեղեկացնելու համար, հայտնում է Սպիտակ տունը։

ԱՄՆ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ «նախագահը Իսրայելի վարչապետին տեղեկացրել է Ժնեւում Իրանի հետ բանակցությունների ընթացքի մասին եւ հաստատել իր վճռականությունը՝ Իրանին միջուկային զենք ունենալ թույլ չտալու հարցում, ինչն էլ վեցյակի» եւ Իրանի ներկա բանակցությունների նպատակն է։

Օբաման եւ Նեթանյահուն պայմանավորվել են կապ պահել այդ հարցի շուրջ: 

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է պահպանել պատժամիջոցների ներկա սխեման, եւ պատժամիջոցների ցանկացած թուլացում կրելու է հակադարձելի բնույթ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Այս ռեժիմը կարեւոր դեր է խաղացել իրանցիներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու հարցում, - պարզաբանել է նա: - Այս ռեժիմը բավական մեծ դժվաություններ է ստեղծել Իրանի տնտեսության եւ ղեկավարության համար: Եւ հենց այդ պատճառով էլ մենք այժմ վարում  ենք այս խոսակցությունը»:

Սպասվում է, որ նոյեմբերի 9-ին Ժնեւի բանակցություններին կմիանան  «վեցյակի» երկրների դիվանագիտության ղեկավարները: Սպասում են Լորան Ֆաբիուսին (Ֆրանսիա), Ջոն Քերրիին (ԱՄՆ), Վան Իին (Չինաստան): 

Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը հայտնել է, որ Սերգեյ Լավրովը նույնպես մտադիր է նոյեմբերի 9-ին Ժնեւ այցելել: