ԱՄՆ-ն կարող է վերանայել Կուբայի դեմ գործող պատժամիջոցները, որոնք կիրառվում են 1960թ.-ից։ Այս մասին նոյեմբերի 8-ին Ֆլորիդայում հայտարարել է նախագահ Բարաք Օբաման։
Օբաման նշել է, որ Կուբայի դեմ պատժամիջոցները կես դար առաջ են սահմանվել եւ այժմ կարող են այդքան էլ արդիական չլինել։
Նա ընդգծել է, որ ամերիկացիների նոր սերունդը պատրաստ է երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծման համար «նոր մեխանիզմներ» որոնել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Տնտեսական պատժամիջոցների համակարգն ընդդեմ Կուբայի ներդրվել էր 1960թ., երբ Ազատության կղզում գույքից զրկել էին ԱՄՆ քաղաքացիներին եւ ձեռնարկություններին։ 1962թ. պատժամիջոցները խստացվել էին՝ հասնելով գրեթե էմբարգոյի մակարդակի։
Օբաման սեպտեմբերի 12-ին երկարացրել էր Կուբայի նկատմամբ առեւտրային պատժամիջոցները։ Օրենքով դրանց ժամկետը լրանում էր սեպտեմբերի 14-ին։
Իսկ օգոստոսին ԱՄՆ-ն Կուբայի համար մեղմացրել էր վիզային ռեժիմը։





























