Ադրբեջանական կողմը բազմաթիվ վարկածներ է ներկայացնում իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, սակայն իրանական կողմի փաստարն առավել հավաստի է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, մամուլի ասուլիսում նշեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը՝ անդրադառնալով վերջերս իրանա-ադրբեջանական սահմանային անցակետերի փակմանը:

Նրա համոզմամբ՝ սահմանների փակումը միանշանակ ձեռնտու է Ադրբեջանին, ոչ թե՝ Իրանին: «Այսպիսով, Ադրբեջանի համար առիթ է ստեղծվում հետագայում բարդացնել սահմանային անցումները, քանի որ երկու ժողովուրդների շփման տեսանկյունից որոշակի խնդիր կա: Եթե այդ շփումներն առավել ինտենսիվ դառնան, լուրջ սպառնալիք կստեղծվի ադրբեջանական իշխող շրջանակների համար»,-նշեց Յարալյանը՝ պարզաբանելով, որ օրինակ, թալիշները, որոնց մոտ իրանական ժողովուրդների հետ շփման արդյունքում աճում է ազգային ինքնագիտակցությունը, կարող են լուրջ սպառնալիք ստեղծել Ադրբեջանի համար:

Իրանագետի խոսքով՝ տնտեսության տեսանկյունից, իհարկե, սահմանային անցակետերի փակումը կվնասի Ադրբեջանին: «Չեմ կարծում, որ միջադեպը լուրջ խնդիր կդառնա, բայց դրա հետեւանքով Իրանի եւ Ադրբեջանի միջեւ փոխհարաբերություններում լարվածությունը չի նվազի: Իրանում շատ լավ հասկանում են, թե ինչ միտումներ ունի Ադրբեջանը եւ ինչ քաղաքականություն է վարում»,-ընդգծեց Ռուդիկ Յարալյանը:

Նա ասաց նաեւ, որ Ադրբեջանի կողմից այս սադրանքը կարող է նաեւ մեսիջ լինել ուղղված գերտերություններին, որ Ադրբեջանը տարածաշրջանում եղել եւ մնում է հակաիրանական գործոն: «Հատկապես ներկա աշխարհաքաղաքական գործընթացների փուլում, այն բանից հետո, երբ Ադրբեջանում խայտառակ նախագահական ընտրություններ տեղի ունեցան եւ ավելացավ ճնշումն ադրբեջանական ռեժիմի նկատմամբ, Ադրբեջանի իշխանությունները փորձում են ապացուցել եւ համոզել գերտերություններին, որ իրենք հակաիրանական տրամադրություններ ունեն»,-ամփոփեց Յարալյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանա-իրանական սահմանին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, Ադրբեջանը նոյեմբերի 6-ին փակել է Պոլդեշտի սահմանային անցակետը, ինչին ի պատասխան Իրանը նոյեմբերի 7-ին փակել է սահմանային անցակետերը Ջուլֆայում եւ Բիլյասուվարում: