Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը քիչ առաջ դուրս է եկել «Սթրես» կենտրոնից եւ ուղեւորվել Աբովյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է քննարկվի նրան կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Դերասանը հրաժարվել է պատգարակից, ոտքով իջել աստիճանները, կանգնել միջանցքում եւ ասել, որ պատրաստ է խոսել լրագրողների հետ:
Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ տեղյակ է վթարի հետեւանքով երկու երիտասարդի զոհվելու մասին եւ պատրաստ է պատասխանատվություն կրել՝ անկախ պատժի չափից: «Ես ոչ մի բան չեմ հիշում, խնդրել էի ինձ 3-4 օր ժամանակ տան, որ կարողանամ վերականգնվեմ, միայն «Սթրես» կենտրոնի շնորհիվ է, որ կարողանում եմ նորմալ, կապակցված խոսք ասել: Մինչ այդ ես ի վիճակի չէի նույնիսկ նորմալ խոսել»,- ասաց դերասանը:
Իսկ Վարդան Պետրոսյանի փաստաբանը Նիկոլայ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ իրեն չեն փոխանցել ձերբակալման որոշումը բողոքարկելու որոշումը, ինչպես նաեւ փորձագետների եզրակացությունը: Նիկոլայ Բաղդասարյանը նաեւ նշեց, որ քննիչը չգիտես ինչու չի ստանում իրենց միջնորդությունները: Փաստաբանը հույս ունի, որ դատարանը ողջամիտ որոշում կկայացնի:
Ինչ վերաբերում է Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի խոսքին, թե փաստաբանը հրաժարվել էր հարցաքննությանը մասնակցելուց խաշի հրավերի պատճառով, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ինքը առավոտյան եղել է իր աշխատավայրում, պատրաստել է քննիչի բացարակի տեքստը, իսկ խաշը իրեն արգելվում է ուտել, իր առողջական վիճակի մասին ունի համապատասխան փաստաթղթեր:











