Մարտի 31-ից Հայաստանի բոլոր մարզերում լայնաշերտ ինտերնետը հասանելի է։ Ինչպես NEWS.am-Ինովացիային տեղեկացրեցին «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) մամուլի ծառայությունից, «ԱրմենՏելն» այսօրվանից ընդլայնել է Hi Line ինտերնետ-ծառայության աշխարհագրությունը, եւ այն այժմ գործում է Հայաստանի 25 քաղաքներում եւ ներառում է երկրի բոլոր մարզերը: «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ միայն մարտ ամսին Hi Line ծառայությունը սկսել է գործել Հայաստանի եւս 7 քաղաքներում:
«Վերջին ամսվա ընթացքում մենք ոչ միայն ընդգրկել ենք նոր քաղաքներ Hi Line ծառայության աշխարհագրության մեջ, այլեւ էականորեն ավելացրել ենք հնարավորություններն այն քաղաքներում, որտեղ ծառայությունն արդեն իսկ մատուցվում էր»,- նշել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Տեղեկացնենք, որ Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մուտք սովորական հեռախոսագծով` չսահմանափակելով զանգի հնարավորությունը:




























