Իրանում սպանել են արդյունաբերության, առեւտրի եւ լեռնարդյունահանման փոխնախարար Սաֆդար Ռահմաթաբադիին:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին՝ Թեհրանի հարավում, երբ Ռահմաթաբադին սեփական մեքենայով ընթանում էր Սաբալան հրապարակով: Գլխին եւ կրծքավանդակին ստացած հրազենային վերքերից պաշտոնյան վախճանվել է: Ըստ ոստիկանության՝ կրակոցներն արձակել է Ռահմաթաբադիի ուղեւորը, քանի որ մեքենայի ապակիներից ոչ մեկը վնասված չի եղել, հայտնում է BFM.RU-ն՝ վկայակոչելով BBC-ն:
Սաֆդար Ռահմաթաբադին արդյունաբերության փոխնախարարի պաշտոնին նշանակվել էր դեռեւս նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք եւ վերանշանակվել էր նոր նախագահ Հասան Ռուհանիի օրոք: Նա կարեւոր դեր ուներ Իրանի քաղաքականության մեջ:





























