Հայաստան է բերվել աշխարհում համակարգչային տոմոգրաֆիա անող լավագույն սարքերից մեկը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնի ճառագայթային ախտորոշման բժիշկ Հարություն Մուրադյանը՝ ավելացնելով, որ նոր սարքի միջոցով հնարավոր է կատարել սիրտը սնուցող պսակաձեւ անոթների հետազոտություն՝ առանց ինվազիվ մեթոդների կիրառման։

«Կորոնարոգրաֆիա կա, որի ժամանակ զոնդով են հետազոտություն իրականացնում, իսկ սա արդեն առանց զոնդի է հետազոտություն կատարում՝ ներերակային սրսկման միջոցով»,- ասաց Մուրադյանը՝ ավելացնելով, որ այս միջոցով կարելի է սրտի պսակաձեւ անոթները հետազոտել եւ ստանալ բավական արժեքավոր տեղեկատվություն։

Ըստ բժշկի՝ նոր սարքը 64 շերտանի մագնիսական ալիքի միջոցով հնարավորություն է տալիս հետազոտել սիրտն ամբողջությամբ։

Մուրադյանի խոսքով՝ նոր սարքով սրտից բացի, հնարավոր կլինի իրականացնել նաեւ մնացած բոլոր հետազոտությունները՝ ավելի բարձր որակով։