Նյու Յորքում իրանցի ռոք երաժիշտը սպանել է իր նախկին խմբի երեք անդամների, վիրավորել եւս մեկին, իսկ հետո ինքնասպան եղել: Հայտնի է, որ The Yellow Dogs խմբի մասնակիցներն ԱՄՆ էին եկել 2011թ. Թեհրանից: Շուտով Ռաֆի Աքբարին վռնդել էին խմբից` գողության համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ականատեսների` արյունալի դեպքերին նախորդել էր լեզվակռիվը: Հանցագործը երաժիշտներից մեկին ասել էր. «Ինչո՞ւ դուք ինձ բերեցիք այստեղ, իսկ հետո դուրս շպրտեցիք»:
The USA Today թերթը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնում է, որ մարդասպանը իրանական մեկ այլ երաժշտական խմբի`Free Keys-ի անդամ էր: Նա կրակել է The Yellow Dogs-ի երկու երաժիշտ եղբայրների վրա, սպանել եւս մեկ երաժշտի եւ վիրավորել նույն բնակարանում ապրող նկարչին: Այնուհետեւ հանցագործը բարձրացել է բնակելի շենքի տանիք եւ կրակել իր ճակատին, հաղորդում է NEWSru.com-ը:
Ըստ The Yellow Dogs-ի մենեջեր Ալի Սալեհեզադեի` մարդասպանը եւ իր զոհերը ծանոթներ են եղել, սակայն միմյանց հետ ամիսներով չեն շփվել` «շատ տխուր կոնֆլիկտի» պատճառով: Ըստ քննիչների` հաշվեհարդարը փողի պատճառով է տեղի ունեցել:





























